Այսօր սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստը, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և համահայկական հիմնադրամի անդամներ։ Նիստի սկզբում ներկայացվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը 2014 թվականի կատարած աշխատանքների մասին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ընդհանուր առմամբ 2014 թ. համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվել է թվով 76 ծրագիր՝ փոքր, մեծ և միջին։ «Այդ ծրագրերի մեջ են համայնքային կենտրոնների կառուցումը, հիվանդանոցների կառուցումը, ջրատարների, գազատարների, դպրոցների, մանկապարտեզների կառուցումը, և այսօր նիստի ընթացքում կներկայացվի հաշվետվություն, որը կներառի ամբողջական տեղեկատվությունը բոլոր ծրագրերի վերաբերյալ»,-ասաց նա։ Խոսելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման մասին՝ նա ասաց, որ ամբողջ հատվածով հողային աշխատանքներն ավարտված են, Հայաստանի մասում արված է նաև ասֆալտապատումը, և մինչև այս տարված վերջ, կամ մյուս տարվա սկիզբ, կախված է եղանակից, ամբողջությամբ ճանապարհը կասֆալտապատվի։ Նա նշեց, որ տրամադրված միջոցները ամբողջովին բավարարում են։ Անդրադառնալով նոր ներկայացվող առաջարկին՝ տնօրենն ասաց, որ սովորաբար դիմում- խնդրանքը հոգաբարձուներին ներկայացնում է ԼՂՀ նախագահը։ «ԼՂՀ-ում, իմ կարծիքով, ամեն ինչն է առաջնային, դրա համար պետք սպասենք, թե որ առաջարկով հանդես կգան»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե այս տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել, նա ասաց. «Փոխվել է մեկ բան՝ 15 կամ 20 տարի առաջ դեռևս գոյություն ուներ, այսպես կոչված, զգացմունքային դրամահավաքը, այսինքն՝ այն ժամանակ նորանկախ պետությունում խնդիրները շատ էին, այդ ժամանակահատվածում ավելի դյուրին էր գումարներ հավաքելը։ Այս պահին գործը ուղղակի պահանջում է միայն պրոֆեսիոնալիզմ, քանի որ թե մեր օդանավակայանից, թե Երևան քաղաքից դժվար է ենթադրել, որ դեռևս կան գյուղեր, որտեղ կան խմելու ջրի, դպրոցի խնդիր։ Դա արդեն պահանջում է ամենօրյա աշխատանք, որ մենք կարողանանք մարդկանց ցույց տալ ճիշտ խնդիրները և խնդրենք, որ նրանք սատարեն մեզ»,-ասաց նա։ ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենակայացած հարթակներից մեկը համարեց, երբ համայն հայությունը համախմբվում է կոնկրետ ծրագրերի իրականացման շուրջ։ «Կարելի է ասել, որ նույնիսկ առանց Համահայկական հիմնադրամի աջակցության, առանց համայն հայության՝ Հայաստանի, Սփյուռքի, անհնարին կլիներ Արցախում կյանքի կոչել բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, և այս անգամ մենք ևս հույս ունենք, որ ռազմավարական ծրագրերից ևս մեկը կյանքի կկոչվի»,-ասաց նա և նշեց, որ կարծում է՝ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առումով առաջարկ կլինի։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Բաղդասարյանին հանձնեց հիմնադրամի նվիրատու-բարերար անդամի վկայական՝ հիմնադրամի ծրագրերին 900 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու համար։